Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ճարտարապետների օրը տոնական էր

Ճարտարապետների օրը տոնական էր
06.10.2015 | 10:34

«Հայ ճարտարապետությունը միշտ արժևորվել և իր ուրույն դերն ու տեղն է ունեցել աշխարհի ճարտարապետական մտքում։ Այսօր հարուստ ավանդույթներով մեր ճարտարապետական միտքը պետք է լինի ակտիվ և գործնական։ Կառավարությունը մշակում է մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք կխթանեն ճարտարապետական նախագծերը»,- շնորհավորելով ճարտարապետներին իրենց միջազգային տոնի առթիվ՝ կառավարության նիստերի դահլիճում կայացած հանդիսության ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ 1986-ին հաստատված և ՀՀ անկախությունից ի վեր կորցրած մասնագիտական միջազգային տոնը 2014-ին վերադարձվեց ճարտարապետներին՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ։
2015-ի սեպտեմբերի 5-ին աշխարհահռչակ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կերտած կառավարության շենքի նիստերի դահլիճում համախմբվել էին ոչ միայն Հայաստանի և սփյուռքի, այլև օտար երկրների ճանաչված ճարտարապետներ։
Ինչպես անցած տարի, այս տարի ևս ճարտարապետների տոնը մշակութային մեծ անակնկալով ուղեկցվեց։ Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ ճարտարապետության ազգային թանգարանում բացվեց «Մասունքներ, ծանոթ և անծանոթ Պալյաններ» խորագրով ցուցահանդեսը։ «Առաջին անգամ ցուցադրվում են նյութեր, որոնք երբևէ ոչ մի տեղ չեն ցուցադրվել։ Ներկայացված են Պալյանների ճարտարապետական գերդաստանի կողմից արված ճարտարապետական նախագծերը, բազմաթիվ էսքիզներ, լուսանկարներ։ Այս ամբողջ հավաքածուն նվիրատվություն է մեր թանգարանին, ինչը իրականություն է դարձել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի համագործակցության արդյունքում։ Ցուցադրված նյութերը եղեռնից փրկել է Լևոն Կյուրեղյանի հայր Արմեն Կյուրեղյանը»,- մեզ հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանը։
Իսկապես, ի՞նչ տոն առանց անակնկալների։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նվերներ ունեին ճարտարապետներին. տասնյակ ճարտարապետներ պարգևատրվեցին հուշամեդալներով և ոսկե մեդալներով։ Ի դեպ, առաջին անգամ ճարտարապետների տոնը կիսեցին նաև լրատվամիջոցները. մի քանի լրագրողներ արժանացան քաղաքաշինության նախարարի շնորհակալագրերին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ